
Մինչ իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մնում է լարված, Հարավային Կովկասի առաջնորդները խորհում են, թե ինչպես գործել հնարավոր արտակարգ հանգամանքների դեպքում: Այդ մասին «Asia Times» կայքում հրապարակված հոդվածում գրում է լրագրող Նիկոլաս Քլեյթոնը:
Նրա խոսքով, բաց հակամարտությունը կամ երկարատեւ լարվածությունը լուրջ հետեւանքներով է սպառնում տարածաշրջանի երեք երկրներին:
«Նախորդ մի քանի տարիների ընթացքում Իրանը էլ ավելի ազդեցիկ խաղացող է դարձել Հարավային Կովկասում: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ու Վրաստանը ձգտում են դիվերսիֆիկացնել տնտեսական եւ քաղաքական կապերը նախկին ավանդական դաշինքներից»,- գրում է հեղինակը` նկատելով, որ Պարսից ծոցում ահագնացող լարվածության ֆոնին երեք երկրների ղեկավարությունը փորձում է հասկանալ իր դերը հակամարտության էսկալացիայի դեպքում:
Թեեւ որոշ վերլուծաբաններ տեսնում են ելքեր տարածաշրջանի համար, սակայն մյուսներն անհանգստանում են, որ երեք ոչ մեծ երկրները կարող են ներքաշվել անկանխատեսելի հակամարտության մեջ:
Նիկոլաս Քլեյթոնն ընդգծում է, որ չնայած գաղափարախոսական տարաձայնություններին «Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցեց քրիստոնյա Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում եւ Ռուսաստանի հետ Երեւանի համար դարձավ կարեւոր քաղաքական աջակցության աղբյուր: Մյուս կողմից, վերջին ամիսներին Ադրբեջանի եւ Իրանի բարդ հարաբերություններն ընկել են ռեկորդային ցածր մակարդակի»: Վերլուծաբանը հիշեցնում է սունի ադրբեջանցիների եւ շիա իրանցիների կրոնական տարաձայնությունների եւ փոխադարձ հաքերային հարձակումների մասին:
Որոշ փորձագետներն էլ լրջորեն ենթադրում են, որ տարածաշրջանը կարող է շահել ԱՄՆ-ի եւ Իրանի հակամարտությունից: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը կարծում է, որ հակամարտությունն ավելի շատ լծակներ կտա Բաքվին:
«Ադրբեջանը խաղում է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» խաղը: Բաքուն կարող է բարդացնել Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկելիք քայլերը, բայց կարող է եւ դյուրացնել դրանք»,- կարծում է Միթչելը:
Վրաստանը վերջերս է մի քանի համաձայնագրեր կնքել Իրանի հետ եւ նույնպես կարող է մտնել խաղի մեջ: Մինչեւ այժմ Հարավային Կովկասի վրա ճնշում չի գործադրվել Իրանի հետ հարաբերությունները սառեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ Հարավային Կովկասի երկրները չեն կարող այս հարցում միշտ չեզոք լինել:
|