
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կառավարական թաղամասում գրոհայինների հարձակման հետեւանքով երկու մարդ զոհվել, 30-ը վիրավորվել են: Դեպքը տեղի է ունեցել հետախուզական ծառայության եւ ներքին գործերի նախարարության շենքերի մոտակայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Հինգ հարձակվողներից մեկը՝ մահապարտը, պայթեցրել է պայթուցիկներով լի ավտոմեքենան, մնացած չորսն էլ կրակ են բացել: Նրանց ավելի ուշ սպանել է կառավարական շենքերի թիկնազորը:
Lenta.ru-ն հայտնում է, որ երեք մահապարտ ահաբեկիչներ գրոհել են Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության գրասենյակը: Պայթյունը լսելի է եղել քաղաքի ամբողջ կենտրոնում: Փոխհրաձգությունը շարունակվել է կես ժամ:
|